ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ Հայաստանի իշխանություններին կոչ է արել «պատասխանատվության ենթարկել լրագրողների հանդեպ ոտնձգություններ կատարած անձանց և վերջ դնել անպատժելիության մթնոլորտին»։
Սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած հանրային միջոցառման ժամանակ, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը փորձել է հարց ուղղել Ղազախստանում հայ համայնքի ղեկավարին, վերջինս խլել է լրագրողի ձայնագրիչը, և հրահանգել իր թիկնապահներին հեռացնել լրագրողին, իսկ երբ Հովհաննիսյանը փորձել է հեռախոսով լուսանկարել, թիկնապահները վերցրել են լրագրողի հեռախոսը և ջնջել ձայնագրությունը։
«Ես մտահոգված եմ Հայաստանում լրագրողների դեմ հարձակումների վերջին դեպքերի և անպատժելիության մթնոլորտի դեմ արդյունավետ միջոցառումների բացակայության կապակցությամբ», - ասել է Միյատովիչը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հասցեագրած նամակում։
Միյատովիչը հույս է հայտնել, որ լրագրողի նկատմամբ հարձակման դեպքը պատշաճ կերպով կուսումնասիրվի իրավապահների կողմից։
ԵԱՀԿ-ի ներկայացուցիչն անդրադարձել է նաև Ա1+ի լրագրող Մարինե Խաչատրյանի և «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանի հանդեպ հարձակումների փաստերին։
Նա իր մտահոգությունն է հայտնել, որ անպատժելիությունը ծնում է բռնություն և բացասաբար անդրադառնում ազատ մամուլի գործունեության վրա: